Անցած ամիս Պարագվայում գերմանացու եւ նրա դեռահաս դստեր սպանությունը, հավանաբար, կապ ունի Ստրադիվարիուսի՝ միլիոնավոր դոլարներ արժեցող ջութակների գողության հետ, հայտնում է Reuters-ը։
62-ամյա Բեռնարդ Ռայմոն ֆոն Բրեդովն ու նրա 14-ամյա դուստր Լորենա Լիդիան գնդակահարվել էին Արեգուա քաղաքում։ Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր են եղել: Ֆոն Բրեդովը երաժշտական գործիքների կոլեկցիոներ էր եւ Պարագվայ էր տեղափոխվել 2018 թվականին։
Որպես կասկածյալներ հարցաքննվել են ֆոն Բրեդովի երեք ընկերները։ «Քչերը գիտեին, որ նա իր հետ բերել է հնաոճ իրեր, որոնք այնքան թանկ են գնահատվել աշխարհի բազմաթիվ կոլեկցիոներների կողմից»,-ասել է դատախազը։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը Ստրադիվարիուսի հայտնի ջութակների մասին է։ Իշխանությունները խուզարկել են Բրեդովի երեք ընկերների տները եւ հայտնաբերել զենքեր եւ քարտեզ, որտեղ երեւում է ջութակների գտնվելու վայրը եւ դրանց իսկությունը հաստատող վկայականներ:





























