ԱՄՆ-ի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) իշխանություններն օգտագործել են փղերի ԴՆԹ-ն՝ բազմամիլիոնանոց կենդանիների թրաֆիքինգի սխեմային հակազդելու համար, հայտնում է CNN-ը։
Անցյալ շաբաթ Վաշինգտոնի Էդմոնդս քաղաքում երկու տղամարդու ձերբակալությունը հանգեցրեց ավելի քան մեկ տոննա անօրինական փղոսկրի եւ ռնգեղջյուրի եղջյուրների առգրավմանը, որոնք հայտնի ապրանքներ են միջազգային ապօրինի վայրի կենդանիների շուկայում, ասվում է Արդարադատության նախարարության զեկույցում:
Նրանք մեղադրվում են դավադրության, փողերի լվացման, մաքսանենգության եւ Լեյսի օրենքի խախտման մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում մաքսանենգության եւ փողերի լվացման մեղադրանքով եւ մինչև հինգ տարի ազատազրկում` դավադրության եւ Լեյսի օրենքի խախտման համար, նշել է Արդարադատության նախարարությունը:
Նրանք փորձել են թաքցնել մաքսանենգությունը՝ ոսկորները մանր կտորների կտրելով, սեւ ներկելով եւ խառնելով սեւ փայտի հետ։ ԱՄՆ մուտք գործելիս տղամարդիկ հայտարարել են, որ դա «փայտային» խառնուրդ է։
Վաշինգտոնի համալսարանի բնապահպանական դատաբժշկական փորձաքննության կենտրոնի (CEFS) համատնօրեն Սեմ Վասերն ասել է, որ փղերի ԴՆԹ-ի իրենց լայն բազան օգնել է բացահայտել սխեման, հաղորդում է CNN-ը:
Ազգային անվտանգության հետաքննության պատասխանատու հատուկ գործակալ Ռոբերտ Համմերը հավելել է, որ ԴՆԹ-ի մշակումը կօգնի երկրներին որսալ եւ հետապնդել վայրի բնության առեւտրով զբաղվող հանցավոր կազմակերպություններին, որոնք թիրախավորում են վտանգված տեսակները:





























