Մեր անվտանգային խնդիրներն օր օրի խորանում են՝ կոնկրետ դրսևորումներով. Չի կարելի անտարբեր լինել նմանատիպ հարցերին, քանի որ անտարբերությունն է նաև, որ մեզ հասցրել է այս օրին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Մենք այսօր այնպիսի խնդիր ունենք, որ կարծում եմ՝ դժվար կլինի համաշխարհային պատմության մեջ նման դրվագներ գտնել։ Ինչ է ստացվում՝ այսօր մի մարզը մյուսին, մի համայնքը մյուսին կարող է միանալ միայն թուրքի սահմանն անցնելով։ Սա՞ է ապաշրջափակումը, սրա՞ վրա ենք հիմք դնում, որ զարգացնենք երկիրն ու պետությունը։ Կապանցին Գորիս պետք է հասնի թուրքի սահմանը, մաքսակետն ու թուրքի զինվորների միջով անցնելով»,-ասաց Թադևոսյանը՝ հարց հնչեցնելով, թե որտեղ են տեսել այդպիսի տնտեսական զարգացում

«Թշնամին այսօր այնքան է լկտիացել, որ արդեն բացահայտ, ողջ աշխարհի առջև ցուցադրում է իր ուժը՝ բոլոր ոլորտներում։ Հիմա մենք կանգնելու ենք նաև տնտեսական էքսպանսիայի առջև։ Արդեն թուրք-ադրբեջանական տանդեմն է թելադրելու, թե ինչպիսի տնտեսական շարժեր, մարդկային հոսքեր և ինչ կանոններով պետք է տեղի ունենան։ Սա դեռ սկիզբն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այս ամենը հանդուրժելով՝ քայլ առ քայլ մոտենալու ենք լրիվ անկլավացման։

«Թշնամին, օգտվելով մեր երկրի իշխանությունների թողտվությունից, ապիկարությունից և թուլությունից, քայլ առ քայլ ՀՀ-ի երկկողմանի շրջափակումը դարձնում է եռակողմ շրջափակում։ Ապաշրջափակման կեղծ խոստումների ֆոնին մեր երկիրը փաստացի հայտնվում է եռակողմ շրջափակման մեջ․ շրջափակված արևմուտքից, արևելքից, հիմա նաև հարավից»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։