ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Գլազգոյում համաժողովի ժամանակ չի հաջողվել լուծել մի շարք կլիմայական խնդիրներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչպես ես ասացի բացման ժամանակ, մենք պետք է արագացնենք գործողությունները, որպեսզի պահպանենք 1,5 աստիճանի նշաձողը (թույլ չտանք գլոբալ տաքացումն ավելի քան 1,5 աստիճանով-խմբ.): Մեր փխրուն մոլորակը ծայրահեղ վիճակում է: Մենք դեռեւս կլիմայական աղետի շեմին ենք»,-ասվում է COP26 համաժողովի արդյունքում Գուտերեշի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ աշխարհը պետք է անցում կատարի արտակարգ իրավիճակի ռեժիմին, հակառակ դեպքում զրոյական արտանետումների հասնելու շանսերը կհավասարվեն զրոյի:

Նա դարձյալ հայտարարել է բնածո վառելիքի սուբսիդավորումը կրճատելու անհրաժեշտության մասին:

Գուտերիշի խոսքով՝ անհրաժեշտ է էտապային հրաժարում ածուխից, անհրաժեշտ է հաստատել ածխի գինը, բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ ներկայիս ազդեցության ուղղութամբ խոցելի հանրույթների կայունությունը: Նա կրկին կոչ է արել կատարել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում զարգացող երկրներին աջակցելու համար 100 միլիարդ դոլար հատկացնելու պարտավորությունը:

«Այդ համաժողովի ժամանակ մենք չենք հասել այդ նպատակին»,-խոստովանել է գլխավոր քարտուղարը:

Սակայն, նրա խոսքով՝ մարդկությունն ունի գործիքներ առաջընթաց գրանցելու համար: Խոսքը վերաբերում է անտառների անհետացման դեմ պայքարի, մեթանի արտանետումների կտրուկ կրճատման, ածխածնային չեզոքության նպատակների համար մասնավոր ֆինանսավորումն ակտիվացնելու գծով երկրների պարտավորություններին:

«Այսօր տեքստերը հաստատում են 1,5 աստիճանի շուրջ նպատակին հասնելու վճռականությունը, մեծացնում կլիմայի փոփոխությանն ադապտացվելու ֆինանսավորումը, կոչ անում խոցելի երկրներին ուղղված աջակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:

«Ողջունում ենք այդ քայլերը, սակայն դա բավարար չէ»,-ընդգծել է նա:

Գուտերիշը նշել է, որ բացարձակ առաջնահերթություն պետք է լինի այս տասնամյակում ջերմոցային գազերի արտանետումների արագ եւ կայուն կրճատումը, մասնավորապես, մինչեւ 2030 թվականը 45 տոկոսով նվազեցումը՝ ի տարբերություն 2010 թվականի մակարդակի:

Ավելի վաղ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի (COP26) մասնակիցները համաձայնեցրել էին վերջնական հայտարարության տեքստը: