Եգիպտոսում եղանակային արտակարգ պայմանների պատճառով կարիճները լքել են իրենց բները, ինչի հետեւանքով հարավային Ասուան քաղաքում հարյուրավոր մարդիկ խայթոց են ստացել, իսկ երեքը մահացել են:

Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, BBC-ն տեղեկացրել է, որ անցած ուրբաթ առնվազն 450 մարդ տուժել է կարիճի խայթոցից։ Sky News-ի տվյալներով՝ խայթոցներից երեք մարդ է մահացել։ Նեղոս գետի մոտ հորդառատ անձրեւը, կարկուտը եւ փոշու փոթորիկը ստիպել են կարիճներին եւ օձերին սողալով դուրս գալ գետնի տակից, հայտնում է Sky News-ը:

Եղանակի պատճառով տեղահանված կարիճները սողոսկել են մարդկանց տներ, հաղորդում է Independent-ը:

Եգիպտոսում ապրում է հաստապոչ կարիճը, որը կարիճի ամենավտանգավոր տեսակներից մեկն է աշխարհում:

Al-Ahram-ը հաղորդում է, որ իշխանությունները հակաթույների լրացուցիչ քանակ են տրամադրել Ասուանի մոտ գտնվող գյուղերի բժշկական կետերին:

Բժիշկները COVID-19-ի պատվաստման կենտրոններից ուղարկվել են կարիճի խայթոցների բուժման հարցում օգնելու։

BBC-ի փոխանցմամբ՝ մարդկանց խորհուրդ է տրվում մնալ տանը եւ խուսափել շատ ծառերով տարածքներից։