Իտալիայի հակամենաշնորհային մարմինը ավելի քան 200 միլիոն եվրոյի տուգանել է Apple-ին եւ Amazon-ին՝ Apple-ի եւ Beats ապրանքանիշների ապրանքների վաճառքի մրցակցությունը սահմանափակելու նպատակով համագործակցության համար, ինչը Եվրամիության կանոնների խախտում է, հայտնում է AP-ն։

Հետաքննությունները պարզել են, որ ԱՄՆ տեխնոլոգիական հսկաների միջեւ 2018 թվականի համաձայնագրի դրույթները սահմանափակում են ընտրված առեւտրային միջնորդների մուտքը Amazon-ի իտալական շուկա, հաղորդում է Իտալիայի մրցակցության գործակալությունը:

Գերատեսչությունը Apple-ին տուգանել է 134,5 մլն եվրոյի, իսկ Amazon-ին՝ 68,7 մլն եվրոյի եւ պարտավորեցրել է նրանց վերացնել սահմանափակումները ու թույլ տալ առեւտրային միջնորդների «ոչ խտրական հիմունքներով» մուտքը շուկա:

Ե՛ւ Apple-ը, ե՛ւ Amazon-ը հայտարարել են, որ կբողոքարկեն որոշումը: «Առաջարկվող տուգանքը անհամաչափ է եւ անհիմն»,- հայտարարել է Amazon-ը: «Մենք հերքում ենք, որ Amazon-ը շահույթ է ստանում վաճառողներին մեր խանութից հանելուց, քանի որ մեր բիզնես-մոդելը կախված է նրանց հաջողությունից»:

Apple-ը հայտարարել է, որ հարգում է Իտալիայի մրցակցային մարմնին, «բայց կարծում է, որ մենք ոչ մի վատ բան չենք արել»: