Վրաստանի խորհրդարանի կողմից հինգ եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ շնորհելու որոշման պատճառով Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ուղղված չեն կոնկրետ Հայ եկեղեցու դեմ, այլ ուղղված են օրենսդիրի կողմից նման որոշում ընդունելու դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն։

Նա նշեց, որ հասարակական դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ վրացական խորհրդարանը նման որոշում ընդունել է՝ հակառակ Վրաց Պատրիարք Իլյա Երկրորդի կոչի, համաձայն որի այս հարցի առնչությամբ ազգային  փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ անհրաժեշտ էր խորհրդակցություններ անցկացնել։

«Փոխանակ սպասելու այդ խորհրդակցությունների արդյունքներին եւ դրանց հիման վրա որոշումներ ընդունելու, վրացական խորհրդարանը դա արեց միանգամից, ինչն էլ հասարակական դժգոհության ալիք բարձրացրեց։ Իսկ թե ինչու այս ամբողջ պատմության մեջ շոշափվում է հատկապես Հայ Առաքելական եկեղեցու անունը, պարզ է. վրացական խորհրդարանն այդ որոշումն ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցից հետո։ Հատկապես Հայ եկեղեցին էր պնդում կարգավիճակի շնորհելու մասին, մյուս եկեղեցիները չէին կենտրոնանում այդ հարցի վրա»,- բացատրեց փորձագետը։

Նշենք, որ վերջին օրերս Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից հինգ եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ շնորհելու որոշման հետ։