Շրի Լանկայի իշխանությունները ցուցադրել են աշխարհի ամենամեծ բնական կորունդային երկնագույն շափյուղան՝ 310 կիլոգրամ քաշով, որը հայտնաբերվել է մոտ երեք ամիս առաջ, հայտնել է CNN-ը։

Շափյուղան ուսումնասիրած մասնագետներն ասել են, որ այն աշխարհի ամենահազվագյուտ թանկարժեք քարերից մեկն է, քանի որ կշռում է ավելի քան 300 կիլոգրամ: Միջազգային կազմակերպությունները դեռ չեն վավերացրել թանկարժեք քարը:

Շափյուղան ցուցադրվել է Կոլոմբոյից 65 կիլոմետր հարավ՝ Հորանում գտնվող քարափոսերի սեփականատերերից մեկի տանը: Բուդդայական վանականների մի խումբ նախքան ցուցադրելը օրհնել է թանկարժեք քարը:

Քարը հայտնաբերվել է գոհարներով հարուստ Ռատնապուրա շրջանում, որտեղ տեղացիները նախկինում պատահաբար հայտնաբերել են աստղային շափյուղաների՝ աշխարհի ամենամեծ կուտակումը:

Ռատնապուրան հայտնի է որպես Շրի Լանկայի թանկարժեք քարերի մայրաքաղաք, որը շափյուղաների եւ այլ թանկարժեք քարերի առաջատար արտահանողն է: