Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ բացահայտել է հանցագործին, ով փորձել է կեղծել իր մահը՝ բանտ չվերադառնալու համար, հայտնել է BBC-ն։

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ 36-ամյա Սուդեշ Կումարը սպանել է մի տղամարդու եւ կնոջ օգնությամբ փորձել է դիակը հանձնել որպես իրենը։ Սակայն մտահաղացումը ձախողվել է, քանի որ տեսախցիկը ֆիքսվել է, երբ նա հեծանիվով տեղափոխել է զոհի մարմինը։

Կումարը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Covid-19 համավարակի ժամանակ՝ 2018 թվականին 13-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվելուց հետո:

Հնդկաստանի որոշ նահանգներ պայմանական վաղաժամկետ ազատել են որոշ բանտարկյալների՝ փորձելով կանխել ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի պատճառով:

Սակայն Կումարը, ինչպես հաղորվում է, համոզված էր, որ իշխանությունները մտադիր են կրկին բանտարկել իրեն եւ ծրագիր է մշակել դրանից խուսափելու համար:

Ոստիկանությունը պնդում է, որ Կումարը ձերբակալվելուց հետո խոստովանել է Դոմեն Ռավիդասի սպանությունը, ով կազմվածքով նման էր իրեն եւ որին նա վարձել էր իր տանը որոշ վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու համար: Ռավիդասի մարմինը հայտնաբերվել է ամայի վայրում։ Նրա մասունքները անճանաչելիորեն այրված էին, սակայն գրպանում եղել է Կումարի անձը հաստատող փաստաթուղթը: Կումարի կինը՝ Անուպաման, ավելի ուշ ճանաչել է մարմինը որպես իր ամուսնունը:   

Սակայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ Կումարը կեղծել է իր մահը, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ նա մտադիր է այցելել կնոջը։ Ոստիկանությունը ներխուժել է զույգի տուն եւ ձերբակալել Կումարին, ով խոստովանել է հանցանքը:

Կինը նույնպես ձերբակալվել է հանցակցության համար։