Անգլիայից հանցագործը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, սակայն երկու օր անց ազատ է արձակվել, գրում է LADBible-ը։ Շփոթմունքն առաջացել է փաստաթղթում առկա սխալի պատճառով, սակայն տղամարդը չի կարողացել լիարժեք վայելել ազատությունը. նրան վերադարձրել են բանտ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա լոնդոնցի Լաուրաս Մատյուսովասն ազատազրկման է դատապարտվել շանտաժի համար։ Հանկարծակի հայտնվելով ազատության մեջ՝ տղամարդը զանգահարել է ընկերներին, ովքեր նրան ավտոմեքենայով տուն են տարել։

«Նա հարցրել է բանտի աշխատակիցներին, բայց նրան ասել են, որ ամեն ինչ կարգին է, պարզապես երբեմն պետք է գալ եւ գրանցվել: Խենթություն է, նա կարող էր ինքնաթիռ նստել եւ լքել Մեծ Բրիտանիան»,- ասել է Լաուրասի ընկերը:

Ճիշտ է, վեց օր անց ոստիկանությունը հասկացել է, որ սխալ է թույլ տվել, ուստի Մատյուսովասը կրկին բանտում է։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն կանցկացվի։

«Սխալմամբ ազատ արձակումները չափազանց հազվադեպ են, բայց մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում։ Բանտարկյալն արդեն վերադարձել է բանտ»,- ասված է հաղորդագրությունում։