Ռումինացի դատավոր Քրիստի Դանիլեցը տեղեկացրել է, որ Բուխարեստի Մագիստրատների բարձրագույն խորհուրդը որոշել է իրեն աշխատանքից ազատել երկու տեսահոլովակի պատճառով, որոնք անցած տարի հրապարակվել են TikTok-ում։

Այս մասին ինքը՝ Դանիլեցը, տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։

Հատուկ հանձնաժողովը որոշել է, որ դա «վարքագիծ է, որն ազդում է արդարադատության համակարգի հեղինակության վրա»։

«Մի տեսահոլովակում ես խուզում էի տանս կանաչ ցանկապատը, մյուսում մաքրում էի լողավազանը։ Այդ ժամանակ ես ոչ մի հայտարարություն արդարության մասին չեմ արել, եւ պատկերները ոչ մի կապ չունեն մասնագիտության հետ»,- գրել է իրավաբանը։

Դանիլեցը կարծում է, որ տեսանյութերն արտացոլում են միայն իր անձնական կյանքն ու ոչ մի ընդհանուր բան չունեն արդարադատության հետ՝ նշելով, որ կբողոքարկի որոշումը։ Նախկին դատավորը կարծում է, որ կարգապահական տույժերը «մի տեսակ հաշվեհարդարի են նման»։

Ռումինական ԶԼՄ-ները գրում են, որ Դանիլեցը, որը վերջին ժամանակներս սոցցանցերում բազմաթիվ բաժանորդներ ունի, երկար տարիներ քննադատել է երկրի դատական համակարգն ու բարեփոխումների կոչ արել, իսկ նախկինում կազմակերպում էր բողոքներ ընդդեմ «հակաբարեփոխիչների»։ Նա նաեւ իրավաբանական դասընթացներ է վարում երեխաների համար։