Եվրահանձնաժողովը ներկայացրել է կանոններ, որոնք ԵՄ երկրներին թույլ կտան գազի ռազմավարական պաշարները համատեղ գնել, հայտնում է Reuters-ը։
Եվրոպական միության երկրները, այդ թվում՝ Իսպանիան, Հունաստանը եւ Ռումինիան, հանդես են եկել գազի համատեղ գնումներ կատարելու կոչով, ինչը, ըստ նրանց, կօգնի խթանել մատակարարումները: Գազի գները վերջին ամիսներին աճել են մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշներ, որոնց նպաստել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մեծ պահանջարկը եւ սպասվածից ավելի քիչ արտահանումը Ռուսաստանից:
Եվրահանձնաժողովն արձագանքել է՝ առաջարկելով մի համակարգ, որի միջոցով երկրների հաղորդման համակարգերի օպերատորները (TSO) կկարողանան համատեղ գնել գազի ռազմավարական պաշարները, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում:
Մասնակցությունը կլինի կամավոր, եւ երկրները նախ պետք է ծանուցեն Հանձնաժողովին՝ մանրամասն տեղեկատվություն տրամադրելով, ներառյալ՝ գնման ենթակա ծավալը, արտակարգ իրավիճակներում մատակարարումների ակտիվացման գործող ընթացակարգերը եւ ակնկալվող ծախսերն ու օգուտները:
ԵՄ երկրները պետք է նաեւ պահեստը ներառեն գազի մատակարարումների իրենց տարածաշրջանային ռիսկերի գնահատման մեջ, այդ թվում՝ պահեստավորման ենթակառուցվածքի օտարերկրյա սեփականության հետ կապված՝ Հանձնաժողովի առաջարկին համապատասխան:
Իսպանիայի փոխվարչապետ Թերեզա Ռիբերան հայտարարել է, որ համատեղ, այլ ոչ թե անհատական գնումները կարող են օգնել ավելի լավ պայմաններ ապահովել գազի համաշխարհային շուկաներում:
ԵՄ մի քանի այլ երկրների պաշտոնյաներ ասել են, որ չեն ակնկալում, թե իրենց երկրները կմասնակցեն նման սխեմային:
ԵՄ գործադիր մարմնի առաջարկը միանգամից ուժի մեջ չի մտնի՝ այս ձմռանը գազի գների թռիչքը հաղթահարելու համար։ Նրան կարող են սպառնալ ամիսներ շարունակվող բանակցություններ Եվրախորհրդարանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ, որոնք պետք է հաստատեն կանոնները:
Առաջարկը կպահանջի, որ հանածո գազի համար երկրների երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվեն մինչեւ 2050 թվականը, այն ամսաթիվը, երբ ԵՄ-ն պարտավորվել է հասնել ջերմոցային գազերի զուտ արտանետումների զրոյականացման: Հանածո գազը ապահովում է ԵՄ էներգիայի մոտ մեկ քառորդը, որի 90%-ը ներմուծվում է։
ԵՄ-ն հայտարարել է, որ գազի իր օգտագործումը մինչեւ 2030 թվականը պետք է 25%-ով կրճատվի՝ 2015թ. մակարդակի համեմատ, որպեսզի կլիմայական նպատակներն իրականացվեն, եւ որ տեղական արտադրության վերականգնվող աղբյուրներին անցնելը նրա երկարաժամկետ պաշտպանությունն է մատակարարման խնդիրներից եւ ներկրվող հանածո վառելիքի անկայուն գներից:





























