Գերմանական ոստիկանությունը խափանել է Արեւելյան Գերմանիայում Սաքսոնիայի վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու՝ հակավաքսերների դավադրությունը, հայտնել է Reuters-ը։
Միխայել Կրեչմերի սպանության դավադրությունը վերջինն է մի շարք միջադեպերից, որոնք ընդգծում են որոշ գերմանացիների զայրույթը չպատվաստվածների նկատմամբ սահմանափակումների եւ պատվաստումը ամբողջ բնակչության համար պարտադիր դարձնելու ծրագրերի պատճառով:
Սաքսոնիան ունի Գերմանիայում COVID-19-ով վարակածության ամենաբարձր ցուցանիշներից մեկը եւ պատվաստումների ամենացածր մակարդակը։
Սաքսոնիայի ոստիկանությունը հայտնել է, որ «Dresden Offlinevernetzung» կոչվող խմբի անդամները Telegram-ի չաթում հայտարարել են, որ իրենք ունեն հրազեն եւ արբալետներ:
Դրեզդենի դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունն անցկացվել է 32-ից 64 տարեկան վեց կասկածյալների՝ հինգ տղամարդու եւ մեկ կնոջ նկատմամբ՝ հավելելով, որ հայտնաբերվել են մի քանի ապացույցներ, այդ թվում՝ արբալետներ:
46-ամյա Կրեչմերը կոչ է անում խիստ մեկուսացում իրականացնել՝ դադարեցնելու վարակների չորրորդ ալիքը:
Նա ասել է, որ ազատ խոսքի իրավունքը պետք է հարգվի, սակայն չօգտագործվի բռնությունը քողարկելու համար՝ հավելելով, որ Սաքսոնիայի նահանգի կառավարությունը լրացուցիչ կադրեր է մոբիլիզացնում՝ արմատականության դեմ պայքարելու համար։ «Իհարկե, կարող եք խոսել այն մասինն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Սակայն երբ բռնությունը խաղի մեջ է մտնում, ամեն բան ավարտված է: Հատվել է սահմանը, ինչը մենք չենք հանդուրժի», - ասել է Կրեչմերը:
Գերմանիայում COVID-19-ի սահմանափակումների դեմ բողոքի ցույցերն ավելի կատաղի են դարձել՝ հաճախացել են բժիշկների, քաղաքական գործիչների եւ լրագրողների վրա հարձակումները։
«Ընդամենը մի քանի տարի առաջ նման գրոհներ անհնար էր պատկերացնել»,- ասել է Գերմանական բժշկական ասոցիացիայի ղեկավար Կլաուս Ռեյնհարդը։
Սեպտեմբերին Սաքսոնիայում հրկիզվել էր պատվաստումների կենտրոնը։ Այս ամսվա սկզբին մի խումբ ցուցարարներ վառած ջահերով հավաքվել էին Սաքսոնիայի առողջապահության նախարարի տան մոտ, ինչը բռնության թաքնված սպառնալիք է համարվում:
Գերմանական ARD հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ ավելի քան մեկ տասնյակ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ եւ պետական կառույցներ այս միջոցներին «արյունոտ դիմադրության» սպառնալից նամակներ են ստացել: Քրեական ոստիկանության Դաշնային վարչությունը պատվաստումների հակառակորդներին եւ կորոնավիրուսը հերքողներին դասակարգել է որպես «ռիսկի տակ գտնվողներ»:
Պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանին ուղղված իր առաջին մեծ ուղերձում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, թե իր կառավարությունը չի հանդուրժի սահմանափակումների դեմ բռնի բողոքի ցույցերը: «Մենք չենք համակերպվի անկաշկանդ ծայրահեղականների նվազ փոքրամասնության հետ, որոնք փորձում են իրենց կամքը պարտադրել մեր ողջ հասարակությանը»,- ասել է Շոլցը:





























