Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչ այժմ իրավիճակը իրեն թույլ չի տալիս պատասխանել հարցին` արդյոք նա նախատեսում է երկրորդ անգամ առաջադրվել 2022 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններում։

«Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին»,- չորեքշաբթի ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ TF1 հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրա խոսքով` եթե ինքն արդեն հայտարարեր իր թեկնածության մասին, «դժվար կլիներ անհրաժեշտ որոշումներ կայացնել, մասնավորապես՝ զբաղվել կորոնավիրուսային համավարակի նոր ալիքով»։

«Այսօր ես դեռ չեմ կարող պատասխանել հարցին՝ հաշվի առնելով ինչպես երկրում տիրող իրավիճակը, այնպես էլ իմ սեփական իրավիճակը»,- ​​հավելել է Մակրոնը։ Միաժամանակ այն հարցին` արդյո՞ք նա պլաններ ունի երկրի եւ համաքաղաքացիների համար, որոնք հաջորդ տարվա ապրիլից այն կողմ կձգվեին, նա կարճ է պատասխանել. «Իհարկե»։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2022 թվականի ապրիլի 10-ին եւ 24-ին։