Բոլիվիայի նախագահի նախկին պաշտոնակատար Ժանին Անյեսը բանտում ծեծի է ենթարկվել։ Այսպիսի պնդմամբ չորեքշաբթի հանդես է եկել նրա դուստրը՝ Կարոլինա Ռիբերան։
«Մի քանի րոպե առաջ մորս՝ Ժանին Անյեսի վրա հարձակվել են Միրաֆլորես բանտում։ Նրա վրա հարձակվել եւ ծեծել է լեյտենանտ Դյուրանը»,- գրել է Ռիբերան Անյեսի Թվիթերի էջում։ Կարոլինայի խոսքով՝ պետության նախկին ղեկավարի հարազատներին չեն տեղեկացնում նրա առողջության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բոլիվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է բանտի աշխատակիցների կողմից ուժի կիրառումը։ «Մենք կտրականապես հերքում ենք այդ անհիմն հրապարակումը, որն արվել է չարամտորեն, եւ տեղեկացնում ենք Անյեսի անպատշաճ վարքի մասին, որը վիրավորել է ոստիկանության աշխատակցին, վերջինը փորձում էր նրան հաղորդել այն տեղեկատվությունը, որն ինքն էր խնդրել»,- հայտարարել է ՆԳՆ-ն։
Անյեսը կալանքի տակ է մարտի 13-ից պետական հեղաշրջման գործի հետաքննության հետ կապված, որի շրջանակում նրան ահաբեկչության, խռովության եւ դավադրության սադրանքի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել են մի քանի նախկին նախարարներ եւ բանակի, ՌԾՈւ եւ ՌՕՈւ նախկին հրամանատարները։ Անյեսը իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ։
2019թ. նոյեմբերին Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական տվեց իր վերընտրման դեմ բողոքների ֆոնին, որոնց աջակցեցին զինվորականները։ Անյեսը, որն այդ պահին զբաղեցնում էր Սենատորների պալատի երկրորդ փոխնախագահի պաշտոնը, հայտարարեց, որ հանձն է առնում պետության ղեկավարի պարտականությունները մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, եւ նշանակեց իր կառավարությունը։ 2020թ. հոկտեմբերին երկրում տեղի ունեցավ նոր քվեարկություն, որի արդյունքներով նախագահ դարձավ Մորալեսի զինակից Լուիս Արսեն։





























