ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ ապագայում կլիմայի տաքացման պատճառով Երկրի բնակիչները երկար ժամանակ չեն կարողանա աշխատել փողոցում։ Այս մասին ասվում է Nature communications հոդվածում։

Փորձագետների խոսքով՝ եթե մոլորակի վրա ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանից բարձր, ապա աշխատուժի արտադրողականության կրճատումից տնտեսական կորուստները կկազմեն տարեկան 1,6 տրիլիոն դոլար։  

Հետազոտողները նշում են, որ ամենաշատը տուժելու են արևադարձային և մերձարևադարձային շրջանների՝ Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանների աշխատողները։ Ջերմության յուրաքանչյուր լրացուցիչ աստիճանի դեպքում բացօթյա գործունեությունն էլ ավելի կդժվարանա՝ նշում են գիտնականները: 

Օրինակ, ամռանը գրեթե անհնար կլինի շատ վայրերում անվտանգ իրականացնել գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներ: Հոդվածում ասվում է, որ Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ինդոնեզիան, որտեղ բնակչության մեծ մասն աշխատում է դրսում, մեծ տնտեսական կորուստներ կունենան նման փոփոխություններից։