Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների եւ Եգիպտոսի վերջին հանդիպման նպատակն էր միավորել մոտեցումները Թուրքիայի եւ Իրանի հետ այդ երկրների հարաբերությունների հարցում, գրում է l-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով եգիպտացի դիվանագետներին։
Նրանց խոսքով` խորհրդակցությունները նպատակ են ունեցել միավորել տարածաշրջանային ուժերի վերաբերյալ Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) անդամ երկրների տեսակետները, որոնցից ամենակարեւորը Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերությունների համակարգումն է։
Թուրքիան կոչ է արել հանդիպել ՊԾՀԽ երկրների հետ արտգործնախարարների մակարդակով` այդ երկրների հետ հարաբերություններում նոր հորիզոն բացելու եւ այդ պետությունների հետ լարվածությունը նվազեցնելու համար։ Վերջին շրջանում որոշակի առաջընթաց է նկատվում Թուրքիայի եւ Պարսից ծոցի որոշ երկրների միջեւ լարվածության թուլացման հարցում: Մյուս կողմից, ՊԾՀԽ որոշ երկրների ղեկավարներ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ներդրումներ կատարել Թուրքիայում՝ տնտեսական ճգնաժամի եւ թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում դրա տնտեսությունն աշխուժացնելու համար։
Եգիպտացի դիվանագետները նշել են, որ նոր մեխանիզմը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի` տարածաշրջանի երկրներ կատարած այցի արդյունքում՝ հավելելով, որ նոր մեխանիզմը որպես ՊԾՀԽ երկների միջեւ համակարգման նոր փուլ է դիտարկվում։
Ըստ անանուն աղբյուրների` նոր մեխանիզմներն ուղղված են տարածաշրջանային մակարդակում նոր եւ ընդլայնված համաձայնագրի ստեղծմանը, որը հարաբերություններ է ներառում Եթովպիայի եւ Թել Ավիվի հետ, ինչպես նաեւ` Սաուդյան Արաբիայի վերամերձեցում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, իսկ դրանից առաջ` Եգիպտոսի հետ Իրանի նկատմամբ:
Մեխանիզմը նաեւ կքննարկի Սիրիայի վերադարձն Արաբական լիգա Ալժիրում հանդիպման նախաշեմին:




























