Բժիշկները հաստատել են ուրբաթ Օսակայում գրասենյակային շենքում բռնկված հրդեհի հետեւանքով հինգ մարդու մահը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։
Նրանք բոլորը մահացել են շմոլ գազից թունավորման հետեւանքով։ Եվս 22 մարդ գտնվում է սրտի եւ թոքերի կանգի վիճակում. այսպես է Ճապոնիան հայտնում նրանց մասին, ում մահը դեռեւս չի հաստատվել լիազորված բժշկի կողմից՝ հատուկ ընթացակարգով։
Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ գտնվող բանուկ թաղամասում տեղակայված գրասենյակային շենքի չորրորդ հարկում։ Այնտեղ կլինիկա կար։ Դրա զբաղեցրած տարածքն ամբողջությամբ այրվել է։ Ենթադրաբար այցելուներն ու կլինիկայի աշխատակիցներն արգելափակվել եւ չեն կարողացել դուրս գալ։
Հրդեհից անմիջապես հետո դեպքի վայր է ժամանել ավելի քան 30 հրշեջ հաշվարկ։ Կես ժամում նրանք հանգցրել են կրակը:
Ոստիկանությունը դիտարկում է հրկիզման վարկածը։ Մինչ հրդեհը դեպքի վայրում մոտ 60 տարեկան մի տղամարդ է երեւացել, ով տոպրակի միջից ինչ-որ հեղուկ է լցրել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները ստուգում են՝ արդյոք այդ տղամարդը տուժածների թվում է, թե ոչ:





























