Գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչու հենց 15-րդ դարում վիկինգների բնակավայրերը սկսեցին անհետանալ Գրենլանդիայից: Համապատասխան հետազոտությունը ներկայացվել է Ամերիկյան երկրաֆիզիկական միության տարեկան համաժողովին, որն անցկացվում է Նոր Օռլեանում։

Վիկինգներն առաջին անգամ բնակություն են հաստատել հարավային Գրենլանդիայում մոտ մ.թ. 985 թվականին, երբ այնտեղ էչ եկել Իսլանդիայից վտարված Էրիկ Շիկակարմիրը: Նրան հետեւեցին այլ վերաբնակիչներ՝ դարեր շարունակ գոյություն ունեցած համայնքներ հիմնելով։ Սակայն մոտավորապես 15-րդ դարից ի վեր այս տարածքում սկանդինավացիների հնագիտական ​​հետքերն անհետացել են, գիտնականները կարծում էին, որ դա պայմանավորված է տնտեսական գործոններով կամ կլիմայի փոփոխությամբ:

Ըստ նոր հետազոտության` դրա հիմնական պատճառը հենց կլիմայական գործոններն էին: Հարվարդի համալսարանից Մարիսա Բորեգինը գիտաժողովի ժամանակ հայտնել է, որ Գրենլանդիայի սառցաշերտը չափերով մեծացել են 16-րդ եւ 19-րդ դարերի Փոքր սառցե դարաշրջանում: Դա ափի մոտ ջրի մակարդակի բարձրացման եւ հաճախակի ջրհեղեղների է հանգեցրել հենց այն վայրում, որտեղ ապրում էին վիկինգները:

Դա հաջողվել է պարզել համակարգչային մոդելի միջոցով, որը գնահատել է այդ ժամանակահատվածում սառցե շերտի աճը։ Այն ճշգրիտ ցույց է տվել, թե կոնկրետ որտեղ է դա ջրհեղեղների հանգեցրել, այնուհետեւ գիտնականները համեմատել են այդ վայրերը վիկինգների բնակավայրերի քարտեզի հետ: Ջրհեղեղները մոտ 140 քառակուսի կիլոմետր տարածք են ծածկել, ջրի մակարդակի բարձրացումը հասել է 5 մետրի։ Դա գրեթե անհնարին է դարձրել անասնապահությունն ու գյուղատնտեսությունն այդ տարածքներում:

Գիտնականները նաեւ նշում են, որ Գրենլանդիան լքելու լրացուցիչ խթան է հանդիսացել սոցիալական անկայունությունը եւ բնական ռեսուրսների սպառումը, այսինքն՝ համընկել են մի շարք հանգամանքներ: