2015թ. Պլուտոնի վրա հայտնաբերված զարմանալի երկրաչափական բազմանկյունները երկար ժամանակ հանելուկ էին մնում։ Գիտնականները ենթադրություններ էին անում այն մասին, որ գաճաճ մոլորակի վրա շարունակվում է սուբլիմացիա անվանվող պրոցեսը։ Նոր մոդելը ցույց է տալիս, որ Պլուտոնի վրա բազմանկյուն ազոտային սառույցը, որը նկատվել է NASA-ի New Horizons տիեզերանավի կողմից վեց տարի առաջ կատարված թռիչքի ժամանակ, սառել է հենց գոլորշուց՝ շրջանցելով հեղուկ վիճակի փուլը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում, տեղեկացնում է universemagazine.com-ը։

Առաջատար հեղինակ Ադրիեն Մորիսոնը, որը Էքսետերի համալսարանի (Անգլիա) գիտաշխատող է, ասել է, որ իր թիմի աշխատանքը կարողացել է բացատրել Պլուտոնի վրա հանելուկային «պոլիգոնների» առաջացումը՝ «բազմանկյուններ» ազոտային սառույցից։ Ամեն բան մատնանշում էր այն մասին, որ Արեգակնային համակարգի հեռավոր օբյեկտը դեռեւս երկրաբանորեն ակտիվ է։

«Պլուտոնը դեռեւս երկրաբանորեն ակտիվ է։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ հեռու է Արեգակից եւ էներգիայի սահմանափակ ներքին աղբյուրներ ունի։ Դա վերաբերում է Արբանյակի հարթավայրին, որտեղ պայմանները մակերեսին թույլ են տալիս գազակերպ ազոտին իր մթնոլորտում գոյակցել պինդ ազոտի հետ»,- ասվում է Մորիսոնի հայտարարությունում։

Արբանյակի հարթավայրերը Պլուտոնի ամենանկատելի երկրաբանական առանձնահատկությունն են, քանի որ դա օվալաձեւ հսկայական գոտի է, որը գտնվում է Պլուտոնի հասարակածի երկու կողմում։ Գոտու մակերեսը 900 հազար քառ. կմ է, ինչը համադրելի է Վենեսուելայի չափին, իսկ խորությունը՝ ոչ պակաս, քան 2-3 կմ։ Այդ ամբողջ մակերեսը լցված է ազոտային սառցով։