Գերմանիայի կառավարությունն օմիկրոնի շտամի պատճառով դեկտեմբերի 20-ից Մեծ Բրիտանիան ավելացնում է այն երկրների եւ տարածաշրջանների ցանկում, որտեղ տարածված են կորոնավիրուսի մուտացիաները։ Այս մասին շաբաթ երեկոյան հայտնել է Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությամբ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մուտացիաների տարածման գոտիների ցանկում ընդգրկվելը գործնականում ճանապարհորդության զգալի սահմանափակումների է հանգեցնում։ Միացյալ Թագավորությունից Գերմանիա ժամանող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից՝ պատվաստված է, թե հիվանդ, ստիպված կլինի 14-օրյա կարանտին անցնել։

Այժմ այդպիսի երկրների ցանկում են աֆրիկյան որոշ պետություններ՝ Բոտսվանա, Զիմբաբվե, Լեսոտո, Մալավի, Մոզամբիկ, Նամիբիա, Էսվատինի, Հարավային Աֆրիկա։ Մեծ Բրիտանիան կավելացվի երկուշաբթի օրը:

Միացյալ Թագավորությունում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 24.9 հազար դեպք, որից 10 հազարը` վերջին 24 ժամում։ Հայտնի է նաեւ կորոնավիրուսի այս տարբերակով վարակվելուց հետո մահվան մեկ դեպքի մասին։ Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը հայտնել է, որ Լոնդոնում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մոտ 83 տոկոսն օմիկրոն շտամից է:

Կոխի ինստիտուտն այս շաբաթ մտահոգություն էր  հայտնել առ այն, որ օմիկրոնի շտամի տարածումը սպառնում է սրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Գերմանիայում։

Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 շտամը սահմանեց հունարեն օմիկրոն տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»: Օմիկրոն շտամի տարածման համաշխարհային էպիկենտրոնը Հարավային Աֆրիկան ​​է: Դրանով վարակվածների ամենամեծ թիվը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։