Ավստրալական Մելբուռնից երեք երեխա իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել։ Ծնողների հետ միասին նրանք անշարժ գույքի գնման համար վճարել են 671 հազար ավստրալական դոլար, գրում է 7NEWS պորտալը։

Եղբայրն ու երկու քույրերը, որոնցից կրտսերը վեց տարեկան է, փող էին վաստակել տան գործերին եւ հորը ֆինանսական գրագիտության մասին գրքերի փաթեթավորմանն օգնելով։ Երեխաներից յուրաքանչյուրը երկու հազարական դոլար է ներդրել Մելբուռնի հարավ-արեւելքում գտնվող Քլայդ արվարձանում կիսակառույց շինությամբ հողամաս գնելու համար։

Ընտանիքի հայրը անշարժ գույքում ներդրումների փորձագետ է։ Նա վախեցել էր, որ որոշ ժամանակ անց Ավստրալիայում շատ ավելի դժվար է լինելու անշարժ գույք ձեռք բերելը։ Բնակարանը Մելբուռնում վերջին մեկ տարում թանկացել է 19,5 տոկոսով, իսկ դրա միջին գինը հասնում է 953 հազար դոլարի։ Տղամարդու կանխատեսումներով՝ իրենց ձեռք բերած հողամասի արժեքը առաջիկա տասը տարում կկրկնապատկվի, երեխաները կկարողանան օգուտով վաճառել տունը 2032թ. եւ կիսել շահույթը։