Մի քանի տարվա ընթացքում Samsung-ը իր սմարթֆոնների Android-ը կփոխարինի Fuchsia-ով։ Այս մասին իր Թվիթերում տեղեկացրել է հայտնի ինսայդեր Դոհեն Կիմը։
Նա հայտարարել է, որ կորեական ընկերությունն աստիճանաբար կհրաժարվի իր սարքերում Android օգտագործելուց եւ կփոխի օպերացիոն համակարգը։ Ներկա պահին Samsung-ի բոլոր սմարթֆոններն աշխատում են Google-ի օպերացիոն համակարգի այս կամ այն տարբերակով՝ ֆիրմային թաղանթի կիրառմամբ։ Մասնագետի հաշվետվությունը կորպորացիայի ծրագրերի մասին հաստատել է մեկ այլ հայտնի ինսայդեր՝ Ice Universe-ը։
Android-ի փոխարեն ընկերությունն իր դեւայսներում կօգտագործի Google-ի այլ օպերացիոն համակարգ՝ Fuchsia։ Դոհեն Կիմը չի նշել պատճառները, թե ինչու է Samsung-ը որոշել հրաժարվել պոպուլյար օպերացիոն համակարգից։ Բայց բրենդի տեխնիկայի օգտատերերին հանգստացրել է՝ ասելով, թե անցումը նոր օպերացիոն համակարգի լինելու է աստիճանական եւ հաստատ մի քանի տարի կտեւի։
PhoneArena պարբերականի լրագրողները նշել են, որ դեռեւս մայիսին լուրեր էին պտտվում, որ Samsung-ը պատրաստվում է Android-ը փոխարինել այլ օպերացիոն համակարգով։ 2018թ. Bloomberg-ի աղբյուրները բացահայտել էին նաեւ Google-ի ծրագրերը։ Ինսայդների համաձայն՝ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է Android եւ Chrome օպերացիոն համակարգերը փոխարինել Fuchsia-ով։
Մայիսին Google-ը ներկայացրել էր IoT (Internet of Things – ինտերնետ իրեր) սեգմենտին կողմնորոշված Fuchsia օպերացիոն համակարգը։ Գործարկման պահին ՕՀ ունեին առաջին սերնդի Nest Hub խելացի դիսփլեյները։ Կորպորացիայում Fuchsia-ն անվանել են «արտադրական մակարդակի օպերացիոն համակարգ, որն անվտանգ է, թարմացվող, ներառական եւ գործնական»։





























