Ճապոնական NTT հեռահաղորդակցային կորպորացիայի մասնագետները Տոկիոյի համալսարանի եւ Բնական գիտությունների պետական ինստիտուտի (Ռիկեն) հետ համատեղ մտադիր են մինչեւ 2030թ. ստեղծել նոր քվանտային համակարգիչ, որը սառեցման համակարգի կարիք չի ունենա։ Այս մասին տեղեկացվում է NTT-ի կայքում։

Այդ կազմակերպությունների գիտնականների թիմը ստեղծել է այսպես կոչված սեղմված լույսի բարձրարդյունավետ աղբյուր, որն օգտագործվում է տեղեկատվության փոխանցման համար օպտիկական քվանտային հաշվարկներում։ Այդ տեխնոլոգիաների հիման վրա էլ նախատեսվում է հավաքել նոր համակարգիչը։ Օպտիկական համակարգիչները կարող են աշխատել սենյակային ջերմաստիճանում, առանց թանկարժեք սառեցնող սարքավորման, որն անհրաժեշտ է գերհաղորդիչներ օգտագործող քվանտային մյուս համակարգիչների համար։

Հետազոտական խումբը կարծում է, որ սարքի վերջնարժեքի նվազման հետ միաժամանակ՝ կհաջողվի բարձրացնել դրա արդյունավետությունը մրցակիցների համեմատ։ Ճապոնիայի կառավարությունը կսատարի նախագծին եւ դրա իրականացման համար կհատկացնի մոտ 200 մլրդ իեն (1,76 մլրդ դոլար)։

Քվանտային համակարգիչների կիրառումը թույլ կտա զգալիորեն արագացնել բարդ հաշվարկների կատարման գործընթացը։ Օրինակ, դա վերաբերում է տարբեր հաշվարկներին նյութերի եւ դեղամիջոցների արտադրության ժամանակ։ Ինչպես նշում է «Նիկեյ» թերթը, մասնագետների կանխատեսումներով՝ մինչեւ 2040թ. քվանտային համակարգիչների շուկան կգնահատվի մոտավորապես 850 մլրդ դոլար։

Ճապոնիան ներկայում ունի աշխարհում ամենաարագ «Ֆուգակու» համակարգիչը։ Այս տարի այն զբաղեցրել է առաջին տեղը բոլոր հիմնական վարկանիշներում, ներառյալ «Թոփ-500» միջազգային նախագիծը։ Այդ գերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu էլեկտրատեխնիկական կորպորացիայի կողմից Ռիկենի մասնագետների հետ համատեղ։ Այն կարող է կատարել ավելի քան 442 կվադրիլիոն հաշվարկ մեկ վայրկյանում։ Դա մոտավորապես երեք անգամ ավելի է Summit գերհամակարգչի արագությունից (ԱՄՆ Օք Ռիջի Ազգային լաբորատորիա), որը համաշխարհային վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում։