Աշխարհի ամենամեծ եւ ամենահզոր տիեզերական աստղադիտարանը այսօր, դեկտեմբերի 25-ին, հաջողությամբ մեկնարկել է կարեւոր առաքելությամբ, որի ընթացքում այն կհետեւի Տիեզերքի առաջին աստղերին ու գալակտիկաներին, ինչպես նաեւ պոտենցիալ կյանքի որոնումներ կկատարի, գրում է astronews.ru-ն։
ՆԱՍԱ-ի James Webb տիեզերական աստղադիտակը Հարավային Ամերիկայի հյուսիսարեւելյան ափին գտնվող Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանից եվրոպական Ariane հրթիռով բարձրացվել է երկինք:
10 միլիարդ դոլար արժողությամբ այս աստղադիտարանը հասել է Երկրից մոտ 1,6 միլիոն կիլոմետր հեռավորությամբ (ինչը մոտ 4 անգամ գերազանցում է մինչեւ Լուսին հեռավորությունը) գտնվող իր նպատակակետին։ Ճանապարհորդությունը դեպի այս կետը կտեւի մոտ մեկ ամիս, եւ աստղադիտարանին եւս 5 ամիս կպահանջվի, մինչեւ այն բացի իր «ինֆրակարմիր աչքերը» եւ պատրաստ լինի դիտարկել տիեզերքը:
Նախ, արձակումից հետո մոտ ապագայում անհրաժեշտ կլինի բացել աստղադիտակի հսկայական հայելին եւ արեւային էկրանը՝ այժմ դրանք գտնվում են ծալված վիճակում, որում նրանք հիշեցնում են օրիգամի, հրթիռի քթի կոնի ներսում: Միայն հիմնական սարքավորումների տեղակայումից հետո աստղադիտարանը կկարողանա ժամանակի մեջ 13,7 միլիարդ տարի հետ նայել՝ տիեզերական օբյեկտները դիտարկելով այնպես, ինչպես դրանք եղել են Մեծ պայթյունից ընդամենը 100 միլիոն տարի անց:
Շնորհիվ այն բանի, որ մեկնարկը նախատեսված էր հենց կաթոլիկ Սուրբ ծննդի օրը, տիեզերակայանում զգալիորեն ավելի քիչ հանդիսատես է ներկա եղել, քան նախկինում ակնկալվում էր: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհի բազմաթիվ հեռուստադիտողներ դիտել են այս հանրահայտ աստղադիտարանի գործարկման վեբ հեռարձակումը, որը խոստանում է լինել լեգենդար «Հաբլ»-ի գիտական իրավահաջորդը, իսկ հավանության մեկնաբանություններում արտահայտված հույզերը հեղեղում էին մարդկանց այնպես, ասես նրանք ներկա էին արձակմանը:
NASA-ն ծրագրում է, որ Webb-ը ուղեծրում 10 տարի կաշխատի: Ի տարբերություն «Հաբլ»-ի, Webb-ը չափազանց հեռու կլինի Երկրից, եւ անսարքության դեպքում վերանորոգման առաքելություն հնարավոր չի լինի ուղարկել, ուստի այս աստղադիտակի հաջող աշխատանքի համար նրա բոլոր մեխանիզմները մինչեւ պլանավորված ծառայության ժամկետի ավարտը պետք է ժամացույցի պես աշխատեն:




























