«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է հիշատակի եւ խոնարհման միջոցառումը՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով։
Ավելի վաղ երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է իր ավագ որդուն՝ Վարդանին, NEWS.am-ի հետ զրույցում նշել էր խոնարհման երեկո է անցկացվելու, հարթակ են դուրս գալու 94 հոգի, նրանցից ոչ բոլորն են բեմի մարդ. բժիշկներ, սպորտսմեններ կան, որոնք երգելու են եւ ասմունքեն։ Երգերի տեւողությունը կլինի մեկուկես, իսկ ասմունքը կես րոպե։
«Քանի որ խոնարհման երեկո է, որոշել ենք, որ երաժշտական բոլոր ժանրերի ներկայացուցիչներից էլ լինեն։ Ելույթներից հետո որեւէ հայտարարություն չի լինի, բոլորը իրենց ձեռքի լույսը կկախեն Կենաց ծառից՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» կարգախոսը ասելով։ Ստացվում է, որ դատարկ Կենաց ծառը լուսավորվում, վերածնվում է, որպես միասնականության եւ վերածննդի խորհրդանիշ»,– ասել էր նա:
Խոնարհման միջոցառումը կտեւի մեկուկես ժամ։ Այն հեռարձակվելու է ուղիղ կապով։ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով խոնարհման միջոցառման ռեժիսորը Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը, տնօրենը՝ Հրաչ Բադալյանը եւ Տարոն Շահբազյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում նույնպես տեղի էր ունեցել խոնարհման երեկո, որի ընթացքում երգել էր նաեւ Դավիթ Ամալյանը։
Խոնարհման երեկոյին կարող եք հետեւել ԱՅՍՏԵՂ:



























