Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան նախատեսված ժամկետներում։ Այս մասին հունվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
Այսպիսով, մրցումները կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
«Ամեն ինչ կանենք, որպեսզի մարզիկների երազանքները կատարվեն։ Բայց դրա համար խաղերում հաստատված անվտանգության կանոնները պետք է մարզիկների համար ոչ միայն կանոններ, այլ կենսակերպ դառնան»,- ասել է նա։
Դեկտեմբերի 31-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ 2022 թվականին Պեկինում «աշխարհին հոյակապ ձմեռային օլիմպիական խաղեր ներկայացնելու համար»։ Չինաստանի ղեկավարը նաեւ հույս էր հայտնել, որ խաղերին հնարավորինս շատ մարդիկ կմասնակցեն:





























