Լոնդոնի Կայազորային մատուռում բացվել է արքայազն Չառլզի կտավների ցուցահանդեսը, տեղեկացնում է Euronews-ը։
Ցուցահանդեսում ներկայացված է արքայազն Չառլզի 79 ջրաներկ կտավ։ Ներկա պահին սա միապետական անձի աշխատանքների՝ պատմության մեջ ամենամեծ ցուցահանդեսն է։ Կտավներում պատկերված են այն վայրերի բնապատկերները, որտեղ երբեւէ եղել է Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին եւ ժառանգորդը, այդ թվում Շոտլանդիայի Բալմորալ թագավորական նստավայրը, ֆրանսիական Պրովանսը եւ արեւելաաֆրիկյան Տանզանիան։
Նշվում է, որ արքայազն Չառլզը սկսել է նկարել 1970-ական թթ.։ Նրա խոսքով՝ նկարչությունը նրան այլ չափում է տեղափոխում։ Ինչպես նշել է Արքայազնի հիմնադրամի ցուցահանդեսի ղեկավար Ռոզի Օլդերթոնը, բրիտանական գահի ժառանգորդին դուր է գալիս լինել բնության մեջ եւ նկարել։ Նա ասել է. «Նորին Թագավորական մեծությունը արդեն ասել է, որ իրեն դուր է գալիս նստել իրական միջավայրում եւ նկարել բաց օդում»։ Ինքը՝ արքայազն Չառլզը, ընդգծել է, որ իր համար լուսանկարն այն նշանակությունը չունի, ինչ գեղանկարչությունը։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2022թ. փետրվարի 14-ը։





























