Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի պատմաբան, հայագետ եւ ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգեւատրվել է Հայաստանի ԱԳՆ մեդալով` հայ մշակույթը եւ պատմությունը արաբական աշխարհում ներկայացնելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում: Ներկա են եղել ականավոր եգիպտացի մտավորականներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, Կահիրեի Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուներ եւ ուսանողներ, բազմաթիվ եգիպտահայեր:

Պարգեւը դոկտոր Մուհամմադ Ռեֆաթին հանձնել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել եգիպտացի գիտնականին` քսան տարի շարունակ Հայկական հարցի եւ եգիպտահայ գաղթօջախի պատմության  հետազոտման մեջ ունեցած զգալի վաստակի, ինչպես նաեւ Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մշտական աջակցության եւ արաբալեզու «Արեգ» հայագիտական ամսագրի խմբագրությունը ղեկավարելու համար:

Մուհամմադ Ռեֆաթի գրչին են պատկանում «Հայ գաղթօջախի պատմությունը Եգիպտոսում» (1999), «Հայկական հարցը Օսմանյան պետությունում 1878-1923թթ» (2002), «Հայերը Եգիպտոսում 1896-1961թթ» (2003), «Մարդկային ցեղի ոչնչացում: Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական աշխատանքների վավերական փաստաթղթերի ուսումնասիրում. 1946-1948թթ» (2007), «Վերջին ժխտում. 20-րդ դարի հանցագործությունը» (2010) եւ արաբերենով հրատարակված մի շարք այլ արժեքավոր աշխատություններ: