Չորեքշաբթի Էկվադորի արեւմուտքում գտնվող Գուայակիլ քաղաքի թիվ 1 բանտում բանտարկյալների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Երկրի ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկում տեղի ունեցող անկարգությունների մասին Թվիթերում տեղեկացրել է Էկվադորի ազատազրկված անձանց հետ համալիր աշխատանքի ազգային ծառայությունը (SNAI)։

«Թիվ 1 բանտում գրանցվել են բախումներ,- ասվում է գրառման մեջ։- Էկվադորի ոստիկանության եւ Զինված ուժերի հետ միասին մենք աշխատում ենք հատուկ պատրաստված խմբերի ստեղծման ուղղությամբ՝ բարձրացնելու համար անվտանգությունը՝ անշեղորեն հարգելով բանտարկյալների իրավունքները»։ Բախումների ժամանակ զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

2021թ. նոյեմբերին այդ նույն բանտում հակամարտող խմբերի միջեւ բախումների ժամանակ մահացել էր առնվազն 58 մարդ, եւս 10 հոգի վիրավորվել էր։ Նույն բանտում անցած տարվա սեպտեմբերի վերջին բռնության հետեւանքով մահացել էր 119 բանտարկյալ։