Մարսը միշտ չէ, որ չոր ու ցուրտ մոլորակ է եղել։ Ժամանակին այն տաք աշխարհ է եղել՝ պատված հեղուկ ջրով լի գետերով ու լճերով, բայց հետո նրա մագնիսական դաշտը անհետացել է, եւ առանց դրա արեւի ճառագայթները մոլորակին զրկել են մթնոլորտից։ Թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունեցել, փորձել են պարզել ճապոնացի մոլորակագետները, հաղորդում է HighTech +-ը։
Երկրի միջուկը ստեղծում է մագնիսական էֆեկտ, որն առաջացնում է մագնիսական դաշտեր: Ներքին միջուկի ջերմությունը փոխանցվում է արտաքին միջուկ, ինչի պատճառով առաջանում են կոնվեկտիվ հոսանքներ, որոնք կախված են մոլորակի շարժումից, ներքին միջուկից եւ Կորիոլիսի էֆեկտից։ Միասին սրանք աջակցում են Երկրի մագնիտոսֆերային, որը շրջապատում է նրան որպես պաշտպանիչ թաղանթ՝ շեղելով արեւային քամիները: Համարվում է, որ այլ մոլորակների մագնիսֆերաները այսպես են աշխատում: Բայց ոչ Մարսինը:
Թեեւ Մարսի ներքին կառուցվածքը դեռեւս հայտնի չէ գիտնականներին, երկնաքարերի ուսումնասիրության տվյալները հուշում են, որ նրա միջուկը կազմված է հալված երկաթից եւ ծծմբից: Ավելին, InSight զոնդի սեյսմիկ տվյալները ցույց են տալիս, որ մոլորակի միջուկն ավելի մեծ է եւ ավելի քիչ խիտ, քան նախկինում համարվում էր: Հավանաբար ջրածնի նման ավելի թեթեւ տարրերի առկայության պատճառով, գրում է Universe Today-ը:
Նախկին ուսումնասիրությունները մոդելավորել են մոլորակի վարքագիծը տարբեր ջերմաստիճաններում եւ ճնշումներում, բայց մինչ այժմ գրեթե չեն հաշվի առել ջրածինը: Բայց եթե InSight-ի տվյալները ճիշտ են, ապա միջուկում ջրածինը կարող էր կարեւոր դեր խաղալ Մարսի մագնիսական դաշտի կոլապսի մեջ։
Հետազոտողները պատրաստել են նմուշ, որը կառուցվածքով համապատասխանում է Մարսի միջուկին: Այն պարունակել է երկաթ, ծծումբ եւ ջրածին։ Եւ այն տեղադրել են ալմաստե զնդանի վրա, որը նմուշը ենթարկել է հարյուրավոր գիգապասկալների ճնշման։ Այդ ընթացքում լազերը տաքացրել է նյութը՝ մոդելավորելով մոլորակի միջուկի ջերմաստիճանը։
Հենց որ ջերմաստիճանը եւ ճնշումը հասել են բարձր նիշերի, հետազոտողները սկսել են դիտարկել նմուշի հալվելը, ինչպես նաեւ դրա բաղադրության փոփոխությունը։ Ի սկզբանե միատարր միջուկը սկսել է բաժանվել երկու առանձին հեղուկների՝ բարդության այնպիսի աստիճանով, որը նախկինում այս ճնշման տակ չէր դիտարկվել: Հեղուկի մի տեսակը հարուստ է եղել ծծմբով, մյուսը՝ ջրածնով, եւ սա է Մարսի մագնիսական դաշտի ծագումն ու մահը հասկանալու բանալին, կարծում են գիտնականները։
Բաժանվելուց հետո ավելի խիտ հեղուկները մնացել են միջուկի խորը մասում, իսկ ավելի թեթեւները գաղթել են դեպի վեր եւ խառնվել արտաքին հեղուկ շերտերին, ինչը սկիզբ է դրել մարսի միջուկի կոնվեկցիային։ Սակայն միեւնույն ժամանակ երկու տեսակի հեղուկի առկայության պատճառով ամբողջ միջուկը դարձել է անհամասեռ, եւ կոնվեկցիան դադարել է։ Սա տեղի է ունեցել մոտ 4 միլիարդ տարի առաջ:
Հենց սկսվել է հեղուկների տարանջատումը, Մարսը դատապարտված է եղել։ Մագնիսականությունը դադարել է, մթնոլորտն ու ջուրը անհետացել են։ Պարզ չէ, թե որքան ժամանակ է դա տեւել, բայց արդյունքը հայտնի է՝ Մարսը վերածվել է մեռած մոլորակի:





























