Երկխոսության նպատակով ձեւավորված Հայ ազգային կոնգրեսի եւ կոալիցիայի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող երեքշաբթի` հուլիսի 26-ին, Կառավարության ընդունելությունների տանը: Այս NEWS.am-ին հայտնում են Ազգային ժողովից:
Կոալիցիայի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը երկուշաբթի ԱԺ-ում կհրավիրի խորհրդակցություն, որի ընթացքում, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խմբի ԲՀԿ-ական ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը, կքննարկվեն երկխոսության հետ կապված որոշակի «մարտավարական, ռազմավարական խնդիրներ»:
Հարցին, թե եթե հաջորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ը դարձյալ պնդի արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, ինչպիսի՞ն կլինի կոալիցիայի աշխատանքային խմբի արձագանքը, Բոստանյանը նկատեց, թե ցանկացած պնդում պետք է լինի հիմնավոր եւ փաստարկված:
«Ցանկացած խոսակցության, քննարկման ժամանակ պատահում է, որ կողմերից մեկը իր մոտեցումների, պահանջների մեջ լինում է անվերապահ: Տվյալ պարագայում խնդիրը համապատասխան լուծում է ստանում»,-նկատեց կոալիցիայի ներկայացուցիչը:
Նշենք, որ NEWS.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր աշխատանքային նիստ է անցկացրել նաեւ Հայ ազգային կոնգրեսի աշխատանքային խումբը: Նիստը մեկնարկել է 11:30-ին եւ տեւել մի քանի ժամ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀԱԿ-ի գործողությունների ծրագիրը, որը պետք է ներկայացվի կոալիցիայի աշխատանքային խմբի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում:
Հանդիպումը խորհրդատվական բնույթ ուներ եւ դրա ընթացքում կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որեւէ հարցի շուրջ համաձայնության չեն եկել:




























