Շրի Լանկայի իշխանությունները պարբերաբար անջատում են էլեկտրաէներգիան երկրում, քանի որ խորացող ֆինանսական ճգնաժամը վառելիքի պակասի է հանգեցնում եւ խաթարում է էլեկտրահամակարգի աշխատանքը, հաղորդում է AP-ն:

Շրի Լանկայի կոմունալ ծառայությունների հանձնաժողովը հայտնել է, որ երեքշաբթի օրը երկու ժամով կանջատի երկրի էլեկտրացանցը՝ նախորդ օրը համանման անջատումից հետո: Պաշտոնյաների տեղեկացմամբ՝ ժամը 16:30-ից 22:30-ը տարբեր մարզերում էլեկտրաէներգիան հերթով կանջատվի։

Ոսկու եւ արտարժույթի պաշարների սպառումը Շրի Լանկայում վերջին տասնամյակների ամենածանր տնտեսական ճգնաժամի պատճառ է դարձել: Արժութային ճգնաժամը խոչընդոտում է արտասահմանից վառելիքի եւ անհրաժեշտ այլ ապրանքների ներմուծմանը, այդ թվում՝ կաթի փոշու, գազի եւ բենզինի:

Համավարակը ծանր հարված հասցրեց Շրի Լանկայի տնտեսությանը, որը մեծապես հենվում է զբոսաշրջության եւ առեւտրի վրա: Կառավարության գնահատականներով՝ վերջին երկու տարվա ընթացքում վնասները 14 միլիարդ դոլար են կազմել: