Գիտության մեջ գոյություն ունի կոլեկտիվ բանականության հասկացություն։ Այդ եզրույթը ենթադրում է մարդկանց խմբի՝ առավելագույն արդյունավետությամբ ընդհանուր լուծում գտնելու ունակությունը։ Ամերիկացի գիտնականների թիմը հետազոտություն է անցկացրել՝ երկրի ողջ մարդկության վրա այդ եզրույթի կիրառման հնարավորությունը պարզելու նպատակով, գրում է Planet Today-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն պայմանական սանդղակը, որը սահմանում է երկրի ինտելեկտի զարգացման մակարդակը, ժամանակակից մարդկությանը դասում է երրորդ փուլին, այն է՝ «դեռահաս տեխնոսֆերայի» փուլին։ Սա նշանակում է, որ այժմ բոլոր մարդիկ երկրի վրա չեն ձեւավորել կոլեկտիվ բանականություն։
Գիտնականները պատմել են, որ հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ մոլորակի վրա հասկանա իր դերը, համախմբված լինի, ինչպես նաեւ ունենա պատասխանատվության բարձր մակարդակ։ Հաջորդ փուլը ենթադրում է ընդհանուր խնդիրների լուծումը ընդհանուր ջանքերով, ինչը ներկայումս պարզապես անհնար է:
Գիտնականների խոսքով՝ տեսականորեն մինչեւ հաջորդ աստիճան քայլ անելը հնարավոր է, բայց միայն եթե բոլոր պետությունների իշխանությունները կարողանան միավորվել որպես մեկ ամբողջություն՝ հանուն ընդհանուր շահի։ Հնարավոր է, որ ապագայում մարդկությունը հասկանա մոլորակային մասշտաբի կոլեկտիվ բանականության ողջ կարեւորությունը:





























