Իշխանության հարցը փակված չէ, քանի որ շատերը չեն տեսնում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Նա կարծում է, որ հասարակության մի զգալի հատված դուրս է մնում քաղաքական գործընթացներից, ուստի պետք է լուրջ երկխոսություն։ Ըստ նրա՝ հասարակությունը դառնում է «անցյալի եւ ներկայի» մոտեցման գերին, եւ հարցն այն է, թե ազգային ռեսուրսներն ու զարգացման հեռանկարները ճիշտ գնահատելու կարողությունը մնացե՞լ են արդյոք եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում։ «Ամենամեծ սպառնալիքներից մեկն այն է, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի եւ ներկայի մասին եւ չենք կարողանում կենտրոնանալ ապագայի վրա: Բացի այդ, հասարակությունն առաջնորդվում է արտաքին ազդակներով։ Դա հանգեցնում է նրան, որ հասարակությունն ինքնին ոչինչ չի անում։ Հայաստանի օրակարգում ես դինամիկա եմ տեսնում, ուղենիշ՝ ապագայի համար»,- ասաց Գեւորգյանը։ 

Հայաստանի օրակարգը, ըստ պատգամավորի գնահատականի, ունի երեք հարթություն՝ առաջինը ներհայաստանյանն է, որում տեղի են ունենում բարդ քաղաքական եւ բարոյահոգեբանական գործընթացներ, երկրորդը՝ համահայկական հարթությունը, երրորդը՝ աշխարհքաղաքականը, որում Հայաստանը գտնվում է գործընթացների էպիկենտրոնում, որոնք իրենից կախված չեն։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներառում է բոլոր երեք հարթությունները։ Կա քննարկման եւ ուսումնասիրության երկու օբյեկտ՝ պետության որակը եւ հանրային հարաբերությունների էությունը,  որոնք հաճախ չեն արտացոլվում քաղաքական հարթությունում։ Շատ դժվար է խոսել ապագայի ծրագրերի մասին, երբ այժմ կան չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- եզրափակեց Արմեն Գեւորգյանը։