Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, մարտի 1-ին ՀՀ ԱԺ նիստին հրաժարվեց օրակարգ մտցնել մեկ անձից պետական գնումները սահմանափակող օրինագիծը։
Խորհրդարանական ընթացիկ քառօրյայի օրակարգում օրենսդրական փաթեթի ներառման առաջարկին կողմ քվեարկեց ընդամենը 26 պատգամավոր, իսկ դեմ՝ 62 պատգամավոր:
Հիմնական զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, մասնավորապես, Կառավարության ուշադրությունը հրավիրեց մեկ անձից գնումների մշտական աճի վրա։ Ըստ պատգամավորի՝ 2017-ին դրանք եղել են 50-ը, 2018-ին՝ 27, 2019-ին՝ 195, 2020-ին՝ 788, իսկ 2021-ին՝ 244։ Նա նշեց, որ ընդդիմությունն առաջարկում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարել` հրատապ գնումների պայմանները ճշտելու համար:
«Այս կերպ մենք կկարողանանք չեզոքացնել կոռուպցիոն ռիսկերը եւ հնարավոր չարաշահումները։ Բանն այն է, որ գործող օրենքի 23-րդ հոդվածը բավականին վիճելի է, քանի որ թույլ է տալիս գնումներ կատարել մեկ անձից՝ շրջանցելով պետական գնումների մրցակցային մեխանիզմը, գրեթե ցանկացած նպատակով եւ ցանկացած չափով»,- պարզաբանեց Վարդանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ անձից գնումների մեխանիզմն իրականում նախատեսված է անկանխատեսելի իրադարձությունների կամ հանգամանքների դեպքում հրատապ գնումների համար։




























