Քննադատություն ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հասցեին կա, եւ կարծում եմ, որ այդ գնահատականները մասամբ օբյեկտիվ են, բայց պետք է հասկանալ, որ կան իրողություններ եւ փաստեր, որոնցից անհնար է խուսափել։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ արտախորհրդարանական ուժերը նույնպես մեղադրում են խորհրդարանական ընդդիմությանն այն բանում, որ իրենց հույսերը չեն արդարացել։ «Ո՞րն է պատճառը։ Ութերորդ գումարման խորհրդարանը ձեւավորվել է անսովոր պայմաններում։ Սա առաջին խորհրդարանն է, որը ձեւավորվել է պարտությունից (պատերազմում – խմբ.) հետո։ Ընտրություններն անցկացվեցին փողոցային ակտիվ պայքարից հետո 8-9 ամսվա ընթացքում»,- ավելացրեց Վանեցյանը։

Նա պարզաբանեց, որ ընդդիմադիր գործիչների (որոնց մի մասն այսօր խորհրդարանում է) հետ միասին պայքարող հասարակությունը մանդատը նրա համար չի տվել, որ ինչ-որ կառուցողական գործունեություն վարի գործող իշխանությունների հետ, այլ որպեսզի  «դուրս շպրտի այս իշխանություններին» եւ վերցնի երկրի կառավարման պատասխանատվությունը եւ այդ կառավարումը տանի նորմալ հունով։

«Ընտրությունների արդյունքների մասով խորհրդարանական ընդդիմությունը տվել է իր գնահատականը։ Բայց կա արձանագրված փաստ։ Քաղաքական առաջնորդները պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ բացատրեն մեր ընտրողներին եւ կողմնակիցներին. այո, դուք մեզ մանդատ եք տվել՝ փոխել ներկա իշխանությունները, եւ մենք դա միասին կիրականացնենք։ Բայց մինչ այդ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք երկխոսություն վարելու այն բանի շուրջ, թե ինչպես պետք է ձեւավորենք նորմալ միջավայր, ինչպես բարձրացնենք ժողովրդական դժգոհություն, որը կհանգեցնի իշխանափոխության, ինչից հետո կձեւավորվի իշխանություն, որը կկարողանա նախաձեռնել հայամետ քայլեր»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը։