«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր՝ մարտի 1-ին, հրաժարվեցին Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել Մարաղայի ջարդերի հետ կապված սգո օր սահմանելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը։
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել «Հայաստան» խմբակցությունը։ Ընդդիմադիրները, մասնավորապես, առաջարկել էին համապատասխան փոփոխություն կատարել «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ ներկայացնելով օրինագիծը, հիշեցրեց, որ Մարաղայում հայ խաղաղ բնակչության ջարդերն իրականացրել են ադրբեջանցի զինվորականները։ Նա առաջարկեց ապրիլի 10-ը սահմանել որպես սգո օր։ Պատգամավորը հիշեցրեց, որ նշված օրենքը ներառում է ԱԽՍՀ տարածքում ջարդերի զոհերի հիշատակի օր, որը նշվում է փետրվարի 28-ին։ «Սակայն Մարաղայի վրա հարձակումը հայ խաղաղ բնակչությանը բնաջնջելու նպատակ էր հետապնդում։ Այս հանցագործությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում հայերի դեմ կազմակերպված ջարդերի շարունակությունն էր։ Սակայն նշված դեպքերում մենք գործ ունենք հանցագործությունների հետ, որոնք կատարվել են ԱԽՍՀ տարածքում։ Իսկ Մարաղայում հայերի ջարդերը կատարվել են Ադրբեջանի անկախացումից հետո։ Այսինքն՝ այս դեպքում խոսքն արդեն ոչ թե Ադրբեջանի, այլ Արցախի մասին է»,- ընդգծեց Մանուկյանը։
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը, միանշանակ, դատապարտում է Մարաղայի հայերի ջարդերը։ Նրա խոսքով՝ Մարաղայում ադրբեջանական կողմի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են, ինչպես նաեւ հանցագործություն մարդկության դեմ։ «Մենք նաեւ նշեցինք, որ Մարաղայի ջարդերն առանձին դեպքեր չեն, այլ երկար շղթայի մեկ օղակ, ինչը Ադրբեջանի վարած հայաֆոբ քաղաքականության վկայությունն է»,- ասաց պատգամավորը։ Նրա կարծիքով՝ հիշատակի օրերը պետք են։ «Բայց եթե առաջնորդվենք նրանով, որ Հայաստանի պատմության ցանկացած իրադարձություն պետք է արտացոլվի հիշատակի օր սահմանելու տեսքով, ապա վաղ թե ուշ կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ ամեն օրը կդառնա հիշատակի օր»,–ասաց Վարդանյանը։
Նշենք, որ օրինագիծը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Չնայած Արեգնազ Մանուկյանի բոլոր ջանքերին՝ տվյալ նախաձեռնությունը չընդգրկվեց օրակարգում։ Կողմ քվեարկեց ընդամենը 26 պատգամավոր, դեմ՝ 7-ը, 58 պատգամավոր ձեռնպահ մնաց։





























