Վայոց ձորի մարզում, այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կարեն Գասպարյանը իր վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 111.7 կմ հատվածում դուրս է եկել դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել և վարորդին ու 2 ուղևորներին դուրս բերել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։