Այս պահին որեւէ օրինական հիմք չկա Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին կալանքի տակ պահելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ այսօր նրա պաշտպանը Մանուչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը։
«2018 թվականից քրեական գործ է քննվել եւ մինչեւ 2021 թվականի նոյեմբեր ամիսը պարոն Մանուչարյանը գտնվել է ազատության մեջ եւ այդ երեք տարի ժամանակում քրեական գործի քննությանը չի խոչընդոտել, փորձ չի կատարել թաքնվելու քննությունից։ Անհասկանալի պատճառներով, հանկարծակի 2021 թվականի նոյեմբերին որոշվեց, որ պարոն Մանուչարյանը կարող է խոչընդոտել քննությանը»,- նշեց Ալումյանը։
Ըստ փաստաբանի՝ այս դեպքում իրենք գործ ունեն անձին քաղաքական նպատակներով ազատությունից զրկելու հետ։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10–ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Գործով նախագահող դատավորն էլ Գեւորգ Պողոսյանի որոշումն անփոփոխ էր թողել։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ որակում է այն որպես քաղաքական հետապնդում։





























