Հզոր հրդեհը շաբաթ գիշերն ամբողջությամբ ոչնչացրել է Հնդկաստանի հյուսիսային Ջամուի եւ Քաշմիրի միասնական տարածքում գտնվող ամենամեծ օրթոպեդիկ հիվանդանոցը։ Շաբաթ օրը NDTV հեռուստաալիքը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տարածքի մայրաքաղաք Սրինագարի Բարզուլլա թաղամասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տասնյակ պացիենտները եւ նրանց ուղեկցողները տարհանվել են։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ զոհերի մասին տեղեկատվություն չկա։ Միաժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, հիվանդանոցի շենքում գազի բալոնների պայթյուններ են լսվել։
250 մահճակալ ունեցող հիվանդանոցում բոլոր բաժանմունքները զբաղված են եղել։ Հրդեհը վիրահատարանում է բռնկվել։ Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել։





























