Մարիուպոլում մարտի 6-ին՝ տեղական ժամանակով 12:00-ից սկսած մեկնարկել է խաղաղ բնակիչների տարհանումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչության պետ Պավլո Կիրիլենկոն:

«Այսօր 10:00-21:00-ը կսահմանվի լռության ռեժիմ: Խաղաղ բնակիչների տարհանումը կմեկնարկի 12:00-ին:

Հումանիտար «կանաչ» միջանցքը բացվել է Մարիուպոլ-Պորտովսկոյե-Մանգուշ (շրջանցելով Նիկոլսկին)-Ռեսպուբլիկա-Ռոզովկա-Բիլմակ-Ռոդի-Օրիխով-Զախորոժյե երթուղով:

Բնակչության տարհանումը կիրականացվի երեք կետերից քաղաքապետարանի ավտոբուսներով.

- «Իլիչիվեց» մարզահամալիր (Նախիմովի պողոտա 53);

-Դրամատիկական թատրոն (Թատերական հրապարակ 1);

- Կալմիուսկովի շրջանի վարչական շենք (Մետալուրգի պողոցա 193):

Միջանցքի երթուղով կարելի է տեղաշարժվել նաեւ անձնական տրանսպորտով՝ հետեւելով քաղաքապետարանի տրանսպորտի (բացառապես ավտոբուսների) շարասյանը: Շարասյան սկզբնամասում կուղեկցի Կարմիր Խաչը: Խնդրում ենք բոլոր վարորդներին, որոնք շարժվելու են քաղաքից, առավելագույն չափով տեղափոխել խաղաղ բնակիչներին:

Հումանիտար միջանցքի երթուղուց հեռանալը ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ է:

Քաղաքի բնակիչները հավելյալ կնախազգուշացվեն ազգային ոստիկանության կողմից»,-նշվում է շրջանային վարչակազմի ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը նախօրեին նշել էր, որ երեկ Մարիուպոլից եւ Վոլնովախայից որեւէ բնակիչ չի կարողացել օգտվել լռության ռեժիմից, որն ուկրաինական կողմի խնդրանքով սահմանել էին ռուս զինվորականները:

Իր հերթին ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ «Ազով» ուկրաինական գումարտակի մարտիկները շուրջ տասը հազար ՊՖՄ-1 «Լեպեստոկ» ական են տեղադրել բնակելի շենքերում եւ Մարիուպոլի կենտրոնական այգիներում: Երեկ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է Մեոտիդի բուլվարում շենքի պայթյունի մասին, որի փլատակների տակ մնացել է շուրջ 200 մարդ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: