Հայաստանի առողջապահության նախարարությունն առաջարկում է օրենսդրական մակարդակով վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Փոխնախարարի խոսքով՝ վերջերս հայկական շուկայում ի հայտ են եկել նիկոտին պարունակող նոր ծխախոտային արտադրատեսակներ, սակայն դրանք լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը»,- պարզաբանեց Նանուշյանը։
Բանն այն է, որ շուկայում հայտնված նոր արտադրատեսակները գործող օրենսդրության նորմերին չեն համապատասխանում, ըստ որոնց՝ սահմանափակվում է հանրային վայրերում ծխելը։





























