Այս պահին լեռնային եւ նախալեռնային գոտիներում բերքի վրա եղանակի ազդեցության տեսանկյունից որեւէ խնդիր չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նրա գնահատմամբ՝ եղանակն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի մարտին, ոչ մի արտառոց բան չկա։

«Ընդհակառակը, ներկայիս եղանակը ձեռնտու է ֆերմերներին՝ նույնիսկ հաշվի առնելով սպասվող փոփոխությունները։ Օդի ջերմաստիճանի անկումը վտանգավոր չէ, հատկապես՝ պտղատու մշակաբույսերի, հատապտուղների, խաղողի այգիների համար, քանի որ այն որոշ չափով դանդաղեցնում է բողբոջների բացման գործընթացը, ինչը կնվազեցնի ցրտահարության վտանգը ապագայում։ Ինչքան դանդաղ գարունը գա (ոչ թե օրացուցային, այլ գյուղատնտեսական), այնքան՝ լավ»,- հավելեց Հարությունյանը։

Ավելին, նա գոհունակությամբ նշեց ջրամբարների լցվածության տեսանկյունից բարենպաստ պայմանները։ Վերջին ամիսներին նկատվող տեղումները ջրային հոսքեր են ստեղծում, որոնք թույլ են տալիս ապահովել ջրամբարների լցվածությունը։

«Այս առումով խնդիրներ չկան։ Բայց կան խնդիրներ այլ ոլորտներում՝ գարնանացան, պարարտանյութ, դիզվառելիք, սերմացու, անասնակերի պակաս։ Վերջինիս պատճառները եղել են 44-օրյա պատերազմի հետեւանքով արոտավայրերի կորուստը, երաշտը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»,- ընդգծեց նախկին փոխնախարարը։

Նշենք, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը եւ առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։