Եգիպտոսը ցորենի ռազմավարական պաշարներ ունի, որոնք բավարար են 4 ամսվա իր կարիքները հոգալու համար, եւ նրան պետք չի լինի մինչեւ տարեվերջ հացահատիկի միջազգային շուկա դուրս գալ, հայտարարել է վարչապետ Մոստաֆա Մադբուլին, հաղորդում է Arab News-ը։

Եգիպտոսի մատակարարման նախարար Ալի Ալ Մոսելին նույնպես հայտարարել է, որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ցորենի լրացուցիչ ներմուծման կարիք չկա:

Մադբուլիի խոսքով, կառավարությունն ակտիվացնում է աշխատանքը՝ հիմնական ապրանքների, հատկապես ցորենի ռազմավարական պահուստներ ապահովելու համար: «(Մենք) տրամադրում ենք մատակարարման նախարարությանը անհրաժեշտ ֆինանսավորումը՝ ֆերմերների ներդրումները արագորեն վճարելու համար՝ հաջորդ տարվա ապրիլին ցորենի բերքը մատակարարելու համար, միաժամանակ նրանց այս առումով անհրաժեշտ խթաններ տրամադրելով»,- հավելել է նա:

«Կառավարությունն ուշադիր հետեւում է համաշխարհային մակարդակով ընթացիկ իրադարձություններին եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ դրա հետեւանքների հետ կապված անկարգություններին»։

Անցյալ տարի Ռուսաստանին բաժին է ընկել Եգիպտոսի ցորենի ներմուծման 69,4 տոկոսը, իսկ Ուկրաինային՝ 10,7 տոկոսը։

Ֆինանսների նախարար Մոհամմեդ Մաաիտն ավելի վաղ ասել էր, որ համաշխարհային շուկաներում ցորենի գների աճը կբարձրացնի Եգիպտոսի կողմից այդ ապրանքի ներմուծման արժեքը:

Կառավարության ներկայացուցիչ Նադեր Սաադը հայտարարել է, որ Եգիպտոսն աշխատում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխարեն այլ տարածաշրջաններից ցորեն ներկրելու ծրագրի վրա: Նա հավելել է, որ Եգիպտոսն ունի 14 երկիր, որոնց թույլատրված է ցորեն մատակարարել։

Եգիպտոսը ցորենի ամենամեծ ներկրողն է աշխարհում։ Կառավարությունն ակնկալում է, որ ցորենի ներմուծումը 2021-ի 5,5 միլիոն տոննայից այս տարի կնվազի մինչեւ 5,3 միլիոն տոննա՝ ներքին արտադրության աճի շնորհիվ։