Ինդոնեզիայում Մերապի հրաբխի ժայթքման հետեւանքով մոտ 250 բնակիչ տարհանվել է ժամանակավոր կացարաններ, մոխիրը ծածկել է մոտակա գյուղերն ու քաղաքները, հայտնում է AP-ը։

Խիտ բնակեցված Ճավա կղզում հրաբուխը կեսգիշերից անմիջապես առաջ եւ հետո առնվազն յոթ անգամ տաք մոխրի ամպեր է արտանետել, իսկ արագ շարժվող պիրոկլաստիկ հոսքերի, լեռնային ապարների, լավայի եւ գազի խառնուրդը նրա լանջով մինչեւ 5 կիլոմետր ներքեւ է հոսել, ասվում է Տարերային աղետների հետեւանքների մեղմացման հարցերով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Մուհարիի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ 253 մարդ տարհանվել է ժամանակավոր կացարաններ Գլագահարջո եւ Ումբուլհարջո գյուղերում եւ Կենտրոնական Ճավայի Կլատեն շրջանում։

Մուհարին ասել է, որ ժայթքումից առաջացած մոխիրը ծածկել է մոտակա մի քանի գյուղերն ու քաղաքները, զոհեր չկան:

Ինդոնեզիայի երկրաբանության եւ հրաբխագիտության գործակալությունը հայտնել է, որ Մերապիի բերրի լանջերին ապրող բնակիչներին խորհուրդ է տրվել 7 կիլոմետր հեռավորություն պահպանել խառնարանից եւ հիշել այն վտանգի մասին, որ ներկայացնում է լավան։

Մերապի լեռը Ինդոնեզիայի ավելի քան 120 գործող հրաբուխներից ամենաակտիվն է, եւ վերջին շրջանում բազմիցս լավա եւ գազային ամպեր է ժայթքել: