Սաուդյան Արաբիան շաբաթ օրը մահապատժի է ենթարկել 81 մարդու, որոնք տարբեր հանցագործությունների համար են դատապարտվել, ներառյալ սպանությունները եւ զինված խմբավորումներին անդամակցությունը, սա թագավորության կողմից իրականացված ամենամեծ զանգվածային մահապատիժն է երկրի նորագույն պատմության մեջ, հաղորդում է AP-ն:

Մահվան դատապարտվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1980թ․ հունվարին մահապատժի ենթարկվածներին թիվը, երբ Մեքքայում Մեծ մզկիթը գրավելու համար 63 հոգի էր գլխատվել։

Մամուլի սաուդյան պետական գործակալությունը հայտարարել է շաբաթ օրվա մահապատժի մասին՝ նշելով, որ նրանց շարքում եղել են «տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանության համար դատապարտվածներ»: Թագավորությունը նաեւ հայտնել է, որ մահապատժի ենթարկվածներից ոմանք «Ալ-Քաիդա»-ի, «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ են եղել եւ եմենցի ապստամբների կողմնակիցներ:

«Թագավորությունը կշարունակի խիստ եւ անսասան դիրքորոշում ունենալ ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսությունների դեմ, որոնք սպառնում են ողջ աշխարհի կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թագավորությունում վերջին զանգվածային մահապատիժը տեղի էր ունեցել 2016թ․ հունվարին, երբ մահապատժի էր ենթարկվել 47 մարդ, այդ թվում՝ հայտնի ընդդիմադիր շիա քահանա, որը ցույցեր էր կազմակերպել թագավորությունում։

2019թ․ թագավորությունը երկրում զանգվածային մահապատժի ժամանակ գլխատել է Սաուդյան Արաբիայի 37 քաղաքացիների, որոնց մեծ մասը ահաբեկչական հանցագործությունների հետ կապված շիաներ են եղել: