Կոլումբիայի արեւադարձային անտառներում ժայռային ելուստների հնագույն նկարներում գիտնականները սառցե դարաշրջանի մեգաֆաունայի պատկերներ են հայտնաբերել: Հայտնի է, որ 12 000 տարի առաջ աշխարհի այս հատվածում ապրել են հսկա ծուլացողներ ու եղջերուներ, ինչպես նաեւ գոմֆոթերիաներ։ Ժայռապատկերների վերաբերյալ հետազոտությունը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B-ում։

Սերրանիա դե լա Լինդոզայի ժայռերի վրա հայտնաբերված բազմաթիվ նկարներ պատկերում են որսի տեսարաններ եւ տարբեր գծապատկերներ՝ նվիրված տեղական բույսերի եւ կենդանիների հետ մարդկանց փոխհարաբերություններին։

Ի թիվս այլ բաների, հետազոտողները այստեղ գտել են բազմաթիվ նկարներ, որոնցում սառցակալման դարաշրջանի անհետացած մեգաֆաունայի ներկայացուցիչներ կան, այդ թվում՝ հնագույն գոմֆոթերիաներ, նախաձիեր եւ ուղտանմանների հնագույն ներկայացուցիչներ:

Հետազոտության հեղինակ, Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Իրիարտեն կարծում է, որ այստեղ ներկայացված են գրեթե բոլոր տեսակի կենդանիները, որոնք ապրել են այս տարածքում 12 000 տարի առաջ։

Պրոֆեսոր Իրիարտեի կարծիքով՝ մարդիկ դարեր շարունակ կենդանիներ են նկարել։ Հասնելով այստեղ՝ առաջին վերաբնակիչները բախվել են կենդանական աշխարհին, որը նախկինում չէին տեսել, ինչի պատճառով էլ այն այնքան մանրամասն պատկերել են իրենց գործերում։

Այնուամենայնիվ, այս ենթադրությունը շատ հակասություններ ունի։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ պատկերների թվագրումը սխալ է, նկարներն արվել են շատ ավելի ուշ, ինչի շնորհիվ այդքան լավ են պահպանվել տեղական կլիմայական պայմաններում: Եվ այն, ինչ Խոսե Իրիարտեն համարում է հնագույն մեգաֆաունա, կարող են լինել ավելի ուշ կենդանիների պատկերներ, որոնք շատ նման են իրենց նախնիներին:

Քանի որ այս բացահայտումը բազմաթիվ վեճեր է առաջացրել, հետազոտողները նախատեսում են լրացուցիչ ուսումնասիրել նկարների տարիքը՝ կիրառելով թվագրման ավելի ճշգրիտ մեթոդներ: Եվ նաեւ ներգրավել գիտության այլ ոլորտների փորձագետների՝ բացահայտելու կենդանիների տեսակները, որոնց պատկերները հավերժացել են ժայռերի վրա։ Բացի այդ, փորձագետները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այս տարածքում հայտնաբերված կենդանիների բրածոները: Սա թույլ կտա կմախքները համեմատել նկարների հետ:

Բացի կենդանիների տեսակների վերաբերյալ տվյալների հստակեցումից, գիտնականները հույս ունեն նաեւ ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու են շատ հին կենդանիներ անհետացել այս տարածքներում: