Հունգարացի գիտնականները պարզել են, որ ամեն օր սոցցանցերում լուսանկարներով փոխանակվելը կրկնապատկում է ընկճախտի ռիսկը։Նրանց խոսքով՝ դեպրեսիվ ախտանիշները, որոնք ակնհայտորեն պահանջում են բժշկական միջամտություն, ավելի քան երկու անգամ ուժեղացել են COVID-ի համավարակի երրորդ ալիքից հետո նրանց մոտ, որոնք պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր են տարածում սոցիալական ցանցերում: Այս մասին հոդված է հրապարակվել International Journal of Interdisciplinary Social and Community Studies ամսագրում։
Համաձայն այս աշխատանքի արդյունքների՝ սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը, ինչպես նաեւ ներկայացուցչական բովանդակություն հրապարակելու պատրաստակամությունը նկատելիորեն աճել է ամենաակտիվ օգտատերերի շրջանում։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2020թ․ ապրիլի 22-ից 2021թ․ ապրիլի 4-ը, երբ Հունգարիայում գործում էին ամենախիստ սահմանափակող միջոցառումները։ Սոցցանցերի ակտիվ օգտատերերի շրջանում հարցումն անցկացվել է հունգարերեն՝ համավարակի յուրաքանչյուր հաջորդ ալիքի ժամանակ։ Երեք փուլով գնահատվել են սոցիալական ցանցերից օգտվելու հաճախականությունը, կոնկրետ պատասխանողի ինքնադրսեւորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ նրա հոգեկան առողջության վիճակը։
«Այն միտումը, որը մենք կարողացանք որսալ առաջին եւ երկրորդ համավարակային ալիքների ժամանակ, նկատելիորեն ուժեղացավ երրորդ ալիքի ժամանակ։ Նախորդ արդյունքներն արդեն ցույց են տվել, որ սոցիալական ցանցերի օգտագործումը եւ ներկայացուցչական լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակելու պատրաստակամությունը զգալիորեն աճել է նախահամավարակային շրջանի համեմատ»,- բացատրել է կապի եւ մեդիա փորձագետ Ալեքսանդրա Վալերիա Շանդորը Բուդապեշտի Լորանդ Էթվյոշի համալսարանից: Առաջին ալիքի ընթացքում օրական գոնե մեկ անգամ իրենց կամ իրենց սիրելիների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկածների շրջանում ընկճախտի վտանգի համամասնությունը կազմել է 19 տոկոս: Երկրորդ ալիքի ընթացքում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի երկու հինգերորդը ցույց է տվել բացահայտ դեպրեսիվ խանգարման նշաններ, իսկ երրորդ ալիքի ժամանակ ամեն օր լուսանկար հրապարակողների 45 տոկոսը հայտնել է դեպրեսիվ խանգարման ախտանիշների մասին։
Զգալիորեն փոխվել են նաեւ հարցվողների սովորությունները։ Այսպիսով, մասնակիցների գրեթե 18 տոկոսը համավարակի առաջին ալիքի ընթացքում օրական մի քանի անգամ հրապարակել է նկարներ կամ տեսանյութեր՝ համեմատած նախահամավարակային շրջանի 8 տոկոսի հետ:




























