Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Դավիթ Գալստյանը հատուցել է պետությանը պատճառած վնասը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,– գրել է նա։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել։
Նշենք, որ այդ գործով կալանավորված են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ ցուցմունք տալ։




























